Իմ բնօրրան Խաշուտ

Մենության մեջ ու խավարում
Բնօրրանս` կարծես խռով,
Դարձել է հաց առանց աղի,
Փողոցները ` առանց մանուկ,
Խեղճ ծերերը` առանց հույսի,
Ալպիական այս հանդերը`առանց հանդվոր,
Յայլաները` առանց յայլվոր,
Ծխնելույզներ` առանց ծխի
Ու օջախներ` առանց կրակ,
Շուրջբոլորը փակված տներ`
Վեհ, հոյակերտ, հպարտ, մաքուր,
Բայց դե կարոտ դուռը բացող
Մի պարզ ձեռքի, մանկան ճչի:
Կար ժամանակ, երբ այս գյուղում
Կար հարսանիք,կնունք, ծնունդ,
Պարզ մարդկային աչքալուսանք,
Ամանորյա շնորհավորանք ու հարևան
Մարդկանց հավաք.ծուխ կար ելնող օջախներից,
ՈՒ ծխի հետ քաղցր բուրմունք,
Չարաճճի մանուկների ծիծաղ ու լաց,
Տարեցների խորհուրդ, խրատ,
Գյուղին վայել առավոտվա բարի
Զարթոնք` պարզ աղմուկով,
Ոչխարների ու կովերի անմեղ բառաչ,
Աքլորների զնգուն կանչով բարի արև,
ՈՒ արևի բարի լույսով վարած հողի քուլա–քուլա
Անուշ բուրմունք վեհ անվերջ,անհագ:
Իսկ թե հիմա ինչ է դարձել,
Մե‘ղա, մե‘ղա. դռները` փակ,
Առանց տիրոջ ու խռոված,
Եկեղեցին այցվոր չունի, քանզի
Այցվորն այցելելու էլ ուժ չունի,
Հսկա շենքն էլ այս դպրոցի մնացել է առանց սանի,
Մանկավարժն էլ, խեղճ ու մոլոր, ում խրատի:
Քանզի ինքը խրատվելու ու մարդկային
Պարզ խոսքերի կարիք ունի:
Այս մեկն էլ տես ձմռան ցրտին
Մի դույլ ջրի կարիք ունի,
Իսկ թե նրա որդին որտեղ, ինչ է անում,
Ում ջրաղացին է ջուր լցնում:
Ահա նորից այս ուշ ժամին եկեղեցու
Զանգը հնչեց, այն ծեր կինն էր
Մե‘ղա քեզ, տե‘ր,
Թող այս մեկն էլ քո գթությամբ
Դասավորվի քո աջ կողմում,
Քանզի խեղճ էր ու մոռացված, բայց թե խաչն իր`
Մարդավայել ու անխռով մինչ վերջ կրած:
Թող չար լեզուս քարին կպչի,
Գյուղս կյանքի գիր է դառնում ,
Իսկ վեհ գործը պահապանի
Այս սուրբ խաչին արժանանում: