Ամենազոր դու տիրակալ, մաքրամաքուր օվկիան կյանքի

Ամենազոր դու տիրակալ, մաքրամաքուր օվկիան կյանքի,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից աղաչում եմ տուր ինձ բաժին,
Սերմը բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանիր,
Տիեզերքի քո կենարար սուրբ առվակով ինձ ոռոգիր:
Կենսահյութս քեզնով լցրու,անմեղության բնույթ տուր ինձ,
ՔՈ մաքրությամբ ամբարիր իմ մեղկ կերտվածքը խեցեգործ,
Ինձ ազատիր այս զզվելի ադամական ցոփ մեղքերից,
Որ մեկ վայրկյան գեթ միանամ սրբությանդ ստեղծագործ:
Ես` քո ծառան հավատացյալ ՝անպաշտամունք,
Լույս դրախտիդ հույսով ապրող՝մարդ մեղսավոր,
Դու ծնեցիր ինձ երկունքով ամպրոպաշունչ,
Որ դիմանամ քո շանթերին հազարավոր
Դու ՕՄԵԳԱ անծայրածիր ու անվախճան,
Ներողամիտ ու բարեգութ սուրբ արարիչ,
Աստվածային քո բնույթից ծնված որդուդ
ՈՒղարկեցիր,որ մարդանար ՝դառնար փրկիչ:
Դառն էր բաժին թասը որդուդ ու ահավոր,
Բայց նա կրեց խաչը մեղքի ողջ մարդկության,
Մատաղ եղավ ,մեր մեղքերի համար բոլոր,
ՈՒ ավետեց վեհ հրաշքը սուրբ հարության:
ՏԵՐ իմ, հանուն որդուդ թափած փրկիչ արյան,
Հեռու պահիր մեզ մեղքերից դժոխային,
Մենք թաղվել ենք մեղքի ծովում ,անօգնական
ՈՒ մեկնել մեր անզոր ձեռքը՝հզոր խաչին:
Արարումիդ վեհ զորությամբ,
Մարդ ենք ծնվել քո իսկ կամքով,
Գոնե մի քիչ մեզ մարդ թողնես
Լուսավորվենք քո սուրբ հոգով…