Ասա՛, ի՞նչ անեմ, որտե՞ղ փնտրեմ քեզ

Ասա՛, ի՞նչ անեմ, որտե՞ղ փնտրեմ քեզ,
Որտե՞ղ եմ կորցրել, ինչպե՞ս գտնեմ քեզ,
Ո՜վ Աստվածուհի, ասա՛ ինձ մի բան,
Ո՞վ է քեզ կերտել ծով սիրո համար…
Մենակ ի՞մ սրտին դարձար տիրուհի,
Թե՞ շատերին ես գերել, սրտակե՛ր,
Բայց երջանիկ եմ, որ կրում եմ քեզ,
Որ օրս դարձրել է լի ու ժպտերես…
Քեզանով եմ ես ապրում ու շնչում,
Քեզանով գրչիս ոգին է լցվում,
Ալեկոծվում է, երբ նորից սրտիս
Քեզ կորցնելու կասկածն է տիրում…
Մենակ ի՞մ հոգին ես գերել, անիրա՛վ,
Թե՞ բազում գերի ունես շղթայված,
Ասա՛, ուրիշ ու՞մ, ու՞մն ես, դե ասա՛,
Մի՞թե լոկ ինձ ես պահում վանդակված…
Սիրում եմ ես քեզ, անխի՛ղճ, անիրա՛վ,
Փնտրում եմ ահա, որտե՞ղ ես, ասա՛,
Դարձել եմ մոլո՜ր, անզո՜ր, անտերու՜նչ,
Արի տու՜ն, անխի՛ղճ, արի՛, տու՛ր ինձ շունչ…

Թողնել մեկնաբանություն