Սև ամպերը մխրճվել են հոգուս մեջ

Սև ամպերը մխրճվել են հոգուս մեջ,
Շուրջս մթնել, ու աշխարհս է գորշացել,
Դու անխիղճ ես, լուսնյա՛կ իմ սեր, չես գալիս,
Քո շողերը դեռ ցոլում են հույսիս մեջ:
Աղմկոտ է աշխարհը միջօրեի պաթոսում,
Ու ամբոխն է իր ժխորով ինձ հուզել,
Քեզ եմ փնտրում գիշերային քաոսում,
Սերենադով ուզում եմ քեզ համոզել:
Օրն էլ որբ է, երբ դու չկաս մեր կողքին,
Ու լույսն անգամ հեռանում է որբացած,
Թե դուրս չգաս այս անգամ էլ, ի՜մ անգին,
Ես էլ հավերժ կհեռանամ որբացած…

Թողնել մեկնաբանություն