Տարափի ներքո վեհ հնչյունների 

Տարափի ներքո վեհ հնչյունների
Թավշյա ձայն լուծվեց ու հոգի դարձավ,
Եվ ոչ մի արգելք նա չի ճանաչում,
Անցնում է միջով նույնիսկ քարերի….
Ահա միացավ կիթառը լացով,
Կիթառահարի մատների պարով,
Հարվածային գործիքը հուժկու
Կանչում է կողքին սպասող փողին…
Իրար խառնվող ձայները ձուլվում,
Վերածվում են սարի, հանդի ու դաշտի,
Անտառում լսվող բազում ձայները
Ճախրում են վերև, հասնում Արևին…
Համբույր են տալիս կիզիչ շուրթերով,
Հետ վերադառնում ու լցվում հոգիս…
Ապրում եմ այսպես, լցվում, դատարկվում,
Մաշում օրերս՝ ապրածիս չափով…

Թողնել մեկնաբանություն