Մեղեդի´ հոգու, սկիզբդ վեհից,

Մեղեդի´ հոգու, սկիզբդ վեհից,
Քանի՞ լուսային տարի ես անցնում,
Մինչև հասնում ես հոգուս ափերին,
Անհունի չափին համարժեք խորքից…
Դարերի հոգսից կրում ես քո մեջ,
Իմ լռությանը գալիս, խենթացնում,
Լցվում ամենուր, անկյուն չես թողնում,
Հոգո´ւս մեղեդի, սիրում եմ ես քեզ…
Նվագարաններ՝ ձայնով հոգեցունց,
Ծնվում եք իմ մեջ անհայտ մարմնից.
Ինչո՞վ եք շինված, ի՞նչ ծառի ճյուղից,
Եվ ո՞վ է նրանց ձայնը արձակում…
Դառնում եք դուք ինձ այնքան համահունչ,
Որ սրտիս ձայնը ձեզ է ձայնակցում,
Նրան դարձրել ձեր ձայնի գերին,
Աշխարհ եք գալիս, ինչպես նորածին…
Լցվում եք իմ մեջ Աստծո օրհնանքից,
Խառնվում, լուծվում, մարմին եք դառնում:
Հոգո´ւ մեղեդի, դու մարմին ունես,
Ու աչքեր անտակ՝ ծով են անհունի…

Թողնել մեկնաբանություն