Ողջո՜ւյն քեզ, աշու՛ն, խորհո´ւրդ ու հմա´յք,

Ողջո՜ւյն քեզ, աշու՛ն, խորհո´ւրդ ու հմա´յք,
Դու վերջակետ ես սիրում միշտ դնել
Կյանքերի վրա հանց համանվագ.
Քո դեղինի տակ երգեր են քնել…
Անցնում ես, անցնում, որ մնաս էլի
Որպես ափսոսանք ու չապրած օրեր.
Ինչո՞ւ չես դառնում անհաս սիրո պես,
Որը մշուշում չի կարող կորել…
Ինձ թվում է, թե նման ենք իրար,
Աշո՛ւն, իմ աշու՛ն, մայրամուտն ես իմ,
Ես էլ քեզ նման հագել եմ դեղին,
Հիշո՜ւմ եմ, հիշո՜ւմ կարոտներս հին:
Ուզում եմ նայել վերջին պարին քո,
Որ ես էլ, ես էլ քնքշանամ կրկին,
Կյանքը իմ չեղավ դալար մի կաղնի,
Որ գարունը գա ու նրան փրկի:
Ուզում եմ մաքրել փշերը ճամփիս
Եվ քիչ էլ, քիչ էլ դիմանամ քամուն,
Ամեն մի օրս նոր հագուստ ունի,
Գիշերը անգամ ես այն չեմ հանում:
Դու հավերժորեն կփթթես, աշո՛ւն,
Իմը վերջինն է՝ խորհուրդներով լի…
Ինձ թվում էր , թե անվերջ է ճամփաս,
Եվ շատ ես հեռվում դու, իմ սիրելի´:
Ես սպառվում եմ. չգիտես, աշու՛ն,
Թե մեջս որքան կրակ է մարել…
Իմ հիշողության մոխիրների մեջ
Եկել ես, եկել, ուզում ես պարել:
Ինչո՞ւ չուշացար. եկար, որ ասե՞ս,
Թե ձմեռը կա, հարևանն է քո,
Նա քեզ կբերի մի ճերմակ սավան,
Ու դու կմրսես սառնության ներքո…
Ես չեմ վախենում ցրտերից գալիք,
Պատրաստ եմ նրան բարևս ասել
Եվ գնալ դեպի երկինքը վերին.
Հառաչս այնտեղ վաղուց է հասել:
Մարմինս վհատ, արդ , չգիտի դեռ,
Որ պիտի դառնա մի բուռ մոխրակույտ…
Աշու՛ն, ես նրան թույլ տուր, որ չասեմ,
Թող որ երազը մնա միշտ կապույտ…
Ես հող կդառնամ ականջներիս մեջ
Սեր ու կարոտի մեղեդին տաքուկ,
Եվ ով իմանա, որ հենց այնտեղ էլ
Հոգու արցունքն է մութի մեջ կաթում…

Թողնել մեկնաբանություն