Մտքով անցյալի խորքերը ճախրեցի,

Մտքով անցյալի խորքերը ճախրեցի,
Գտա պապերիս՝ դեռ երիտասարդ,
Քրտնաջան բույրը անուշ էր նրանց,
Օծանելիք չէր, անմեղ էր ու տաք…
Իմ պապի պապը եկավ, ինձ գրկեց,
Իր կրծքին սեղմեց, ճակատս պագեց.
– Տուն ունես,- ասաց,- իմ հողի վրա.
Չես լքել հողդ ու դուռս թողած…
Օրհնանքս վաղու՜ց թողել եմ այստեղ,
Քո յոթ թոռներին մատաղ լինեմ ես,
Ապրի՛ր, հայացքով դեպի ապագան,
Թե որ մեզ հիշես, կենաց լինի այն…
Թե ինչ պատճառով հացդ պակասի,
Համբերի՛ր, որդի´ս, աննկուն բանի.
Հարազատ հողի վրա ես կանգնած,
Մենք ենք նրա մեջ, նա քեզ է տրված…
Բարիքով լցրո´ւ ամբարդ բարի՝
Զնգուն ծիծաղից տանդ լու՜յս իջնի,
Քո լաճ թոռների բազկով անսասան
Հայրենի շենդ մի՛շտ կանգուն պահի…

Թողնել մեկնաբանություն