Գո՞ւցե սկիզբը այսպես է ծնվել,

Գո՞ւցե սկիզբը այսպես է ծնվել,
Լոկ մի բառ միայն՝ ԲԱՐԵ՜Վ,
Գո՞ւցե բառով է կյանքն ավետվել,
Ու բառով էլ՝ այն դանդաղ սպառվել…

Միտքն է հզոր, ակունքը՝ խոսքի,
Մենք էլ՝ մտքածին զուլալ ակունքի,
Միտքն է տալիս մարդուն ամեն ինչ,
Ու հետո խլում՝ թողնելով ոչինչ…

Անողոք է տիեզերքն անվերջ:
Սու՛տ է. մեկը երկուս չունի իր մեջ,
Եղած չափից է ծնվում ավելին,
Բայց քոնն է քոնը և ոչ ավելին…

Ժամանակը միշտ խաղ է խաղացել,
Խաղի տիրույթը մեզ գաղտնի պահել,
Մտքի թևերով թռիչք է տվել,
Ու հետո անթև վայրէջք պահանջել…

Սևահեր ծնվել, սպիտակ ենք դարձել,
Ավելին գրկել, դատարկ մնացել,
Սլացել առաջ վայրկենաչափով,
Ավարտին հասել ժամասլաքով…

Թողնել մեկնաբանություն