Մորս մազերին ձյան պես ճերմակ եղյամ է նստել, 

Մորս մազերին ձյան պես ճերմակ եղյամ է նստել,
Նույնիսկ գարունքի շունչը չի կարող նրան հեռացնել,
Թոռ ու ծոռների բազում ափերից շոյանք, ջերմություն
Չեն կարող մաքրել, որ նորից տեսնեմ մորս թխահեր։

Մորս նուրբ ուսին ծանրացել են օրերն անցած,
Ու բարակ մեջքը բեռից կորցրել է ուղիղ կեցվածքը,
Արևի լույսին միշտ հետևելու բազում պահերին,
Նրան է հանձնել իր հուր աչքերի բարի շողերը։

Ձեռքերը նրբին եփել թափելուց անդարձ կոշտացել,
Կնճիռով պատվել, հոգնած դողում են հանց աշնան տերև,
Բայց նորից սիրով լվացք են անում, եփում են, թափում,
Հյուրերի դիմաց սեղան են փռում ՝ անուշ, անթերի…

Թողնել մեկնաբանություն