Առավոտ լուսո՝ անմեղ ու անբիծ,

Առավոտ լուսո՝ անմեղ ու անբիծ,
Աքլորի կանչից մեղքս հիշեցի…
Ադամամութից յոթ տասնամյակ անց
Առաքյալի պես ես ինձ մատնեցի…
Ուրացա կամքը Տիրոջ ընտրյալի…
Մահը անմահից չտարբերեցի.
Գիշեր էր, Տե՛ր իմ, չարից վախեցա,
Խավարասերի պես խարխափեցի…
… Որ իմ հոգեկից հավատն ուրացա,
Քեզ տեսա և իմ մեղքից ողբացի…
Ողբը ողբ ծնեց, ես չըմբոստացա,
Ըմբոստությունս խաչի մատնեցի…
Էլ ինչպե՞ս պիտի քեզ արժանանամ,
Երբ քեզ ուրացա ընտրյալիդ նման,
Ների´ր ինձ կրկին, Հայր Աստծո´ որդի,
Ների´ր ինձ, Տե´ր իմ, մի վերջին անգամ…
Քո ծառան լինեմ՝ քեզ տեր ունենամ,
Ոչ թե խաչամեղ, թուրք բեռ ունենամ…
Ցեղասպանվեմ, բայց անտեր մնամ…
Օտար զորապետ ու Նեռ ունենամ…
Խաչը տվել ես՝ փրկությունն էլ տուր՝
Անցյալ մեղքերի բեռը չունենամ,
Խոսքը ունենամ խրատի նման,
Որ զգուշանամ, գործը ունենամ…
Կյանքն ունայնության կյանքով չունենամ,
Որ կամք ունենամ չար մտրակելու…
Որ մարդկայնորեն քեզ նման լինեմ,
Նորածիններով հարություն առնեմ
Ու չպարտվեմ…
…Լո´ւյս վաղվաղակի, հուսաբե´ր Հիսուս,
Խաղաղություն բեր խռովյալ հոգուս…

Թողնել մեկնաբանություն