Աշխարհում շատ հին 

Աշխարհում շատ հին
Մի խեղճ երկիր կա,
Որն ունի միայն
Չորացած քարեր,
Ցամաքած սարեր,
Անթի՜վ խաչքարեր…
Նախկինում եղած
Կանաչ ու ծաղկուն
Սարերից նույնիսկ
Նկար էլ չկա…
Ու ոչ էլ այն սուրբ
Կրակը անշեջ՝
Ջերմություն բերող,
Սիրով տաքացնող…
Ծովից ծով հսկա
Անթիվ քաղաքներ,
Քաղաքակրթության
Բարձր նմուշներ,
Այսօր ավերակ,
Օտարին գերի՝
Լուռ սպասում են
Իրենց քաջերին,
Ագռավաքարում
Խաղաղ քուն մտած
Իրենց Մհերին…
Այն սուրբ երկրում
Լոկ մնացել են
Անցյալի հուշեր,
Բայց չարքը դաժան
Հորից դուրս եկել
Խրվել է նաև
Մարդկանց հոգու մեջ,
Խռովք է տիրում,
Միություն չկա,
Կա նախանձ ու վիշտ,
Կան դավաճաններ՝
Շեները թողած
Բազում զավակներ,
Երկրից հեռացող
Փոքր ու մեծեր,
Ադաթ ու պատիվ,
Տուն ու գերեզման,
Մաշվում են այսպես՝
Եղածը տրված
Որդոց անառակ…
Այն սուրբ երկրում
Մնացել են լոկ
Ծերացած մարդիկ՝
Անճար ու անզոր,
Անպաշտպան ու խեղճ,
Հազիվ շարժվող,
Ինչպես նորածին
Մանուկը լքված,
Անտառում թողած…
Այն սուրբ երկրում
Մնացել են լոկ
Քարեր չորացած,
Սարեր ցամաքած…

Թողնել մեկնաբանություն