Բյուրավոր թվով զինվորներ կամավոր 

Բյուրավոր թվով զինվորներ կամավոր
Մահվան բեմերում դերեր են բաժանում,
Իսկ Թատրոնը՝ անունով պատերազմ,
Աշխարհի ջահել կյանքերն է տանում:
Տասը ընկերներս կյանքից հեռացան,
Տասը կանայք էլ անթև մնացին,
Տասը երեխաներ մնացին չծնված,
Քանի՞ տասերն էլ անհայր լացեցին:
Երեխաներ են զոհվում ամեն օր
Հաշվել չգիտե՞ք` փո՛ղից կուրացած,
Եթե բնական մահն անգամ այցելի,
Կտեսնեք նրան սարսափի միջից:
Հաշվետու դարձեք կյանքի սրբության՝
Մարդկանց լինի հաց հանապազօրյա,
Ծիծաղ թող լինի, թևե՜րի ճախրանք,
Ծնունդը դառնա՛ բեմը աշխարհի…
Ավելի մեծ թիվ, քան տասը չկա,
Մատների թիվն է մանկան ձեռքերի,
Ձեռքերի մեջ էլ` մի ամբողջ աշխարհ,
Սեր ու մաքրության սերմով անթերի:
Մոր ցավը պատմելու բառեր չեմ գտնում
Մի՞թե մայր չունեք դուք, անիրավնե´ր,
Ոսկո՞ւց եք ծնվել, թե՞ նավթահորից,
Գեհենից ծնված չարքի´որդիներ:
Ովքե՞ր են տերը այս դաժան բեմի,
Ու՞մ ջրաղացն է արյունով սնվում,
Ինչո՞ւ մենք ապրենք մահվան այս ծովում.
Կոչ եմ անում ես մա՛հ պատերազմին:

Թողնել մեկնաբանություն