Մայրը կորցրած որդուն է կանչում, 

Մայրը կորցրած որդուն է կանչում,
Ձայնը լեռներից ժայռեր է պոկում,
Ճիչը՝ այս սրտի աստղերին հասած,
Չարքերի գլխին անեծք է թափում…
-Ասացե´ք՝ ու՞ր է իմ ջահել որդին,
Չարքի´ որդիներ, ու՞ր տարաք նրան,
Խարխուլ է դարձել տունս անսասան,
Հետ բերեք որդուս իր տուն հայրական…
Վերքերից որդուս արյուն է կաթում,
Աղերսում եմ ձեզ, ինձ իր մոտ տարեք,
Թողեք՝ ես սրբեմ այս սուրբ ձեռքերով
Հոսող արյունը որդուս վիրավոր…
Մի վերջին անգամ թող գիրկս առնեմ,
Իմ կրծքին սեղմեմ, ցավը ես կրեմ,
Օրորեմ մեղմիկ ու նանիկ ասեմ,
Սառչող մարմինը ինձնով տաքացնեմ…
Աստված վախեցած կորել է անհետք,
Մայրական սրտի կրակի դիմաց,
Որդիս է կանչում տիեզերքն ի վեր,
«Անթև» թևերով թռչելով վերև…
Մայրն ուզում է աստղերը պոկել,
Արքա ու նոքար տեղերով փոխել:
-Վերջին անգամ եմ ձեզ զգուշացնում,
Վե´րջ տվեք դաժան այս պատերազմին…

Թողնել մեկնաբանություն