Աղոթք մտովի, փոխանցվիր լեզվիս,
Մաքուր հնչյունով լեզուս լվացիր ,
Հոգիս քեզ համար արգանդ է զուլալ,
Ծնվիր արգանդից ,մարմինս մաքրիր:
Աղոթք մտովի, սաղմ ես իմ սիրո,
Քո լույս շողերով ճանապարհ հարթիր,
Տիրոջ վեհագույն կամքին կատարյալ
Քո պարզ ծնունդով ինձ կամուրջ դարձիր:
Մահվանս ճամփին երբեք չունենամ,
Թեկուզ շատ թշվառ ու թույլ թշնամի,
Մենամարտս լոկ ինքս իմ չափին,
Դաժան ,անզիջում մնա թշնամի:
Անճանաչելի կեղծիքից հեռու,
Վատության քողից, կասկածից հեռու,
Պարանս լինի ոչ կախաղանի,
Լինի փրկության թշվառիս հոգուն:
Անդորրիդ վայել, եթե ես լինեմ,
Խաղաղվեմ հավերժ առանց քո դատի ,
Դեպի մահ տանող երկրային ճամփով,
Մահվան մեծ փառքին ինքս չդատեմ:
Սովորեմ սոսկալ քո բարկությունից,
Թեկուզ հպատակ աշխարհն ինձ լինի,
Ողջ էությունով լինեմ քեզ հլու,
Ստրուկ լինեմ առանց կրքերի…
Աղոթք մտովի, փոխանցվիր լեզվիս
Տեղադրվել է admin-ի կողմից Հնվ 11th, 2018-ին Պոեզիա-ում