Աղաչում եմ քեզ, ամենակա´լ,

Աղաչում եմ քեզ, ամենակա´լ,
Երկնքի, երկրի մե´ծ տիրակալ,
Քո մեծ կամքից «աստվածային»,
Տո´ւր ինձ չնչին, փոքրիկ բաժին.
Գո՞ւցե այդժամ կարողանամ
Մարդ կոչումիս արժանանալ…
Քանի հազար, հազարների
Մեղքերով է ծնվել աշխարհը,
Որ քո կամքով արարված էր
Որպես այգի Եդեմական:
Մարդուկներիս նողկ մեղքերով
Վերափոխվեց այգին քո, Տե´ր,
Որ քո որդու աստվածային
Արյունն անգամ չի մաքրում այն:
Ների´ր ինձ, Տե´ր, ների´ր լեզվիս,
Որ նույնիսկ քեզ ցավ է տալիս,
Իմ մարդկային լեզուն շատ է չար.
Ինչե՜ր, ինչե՜ր դուրս չի տալիս…
Հոգուս լեզուն աչքերիս մեջ
Ամաչելուց լաց է լինում,
Իսկ թևերս խոր ամոթից
Ոչ թե ճախրում, այլ թևաթափ
Կուչ են գալիս:
Մարմինս նողկ՝ հյուսված կավից,
Որ գնում է դեպի ակունք,
Դեռ չի ապրել առանց մեղքի
Եվ ոչ մի օր. հազա´ր ամոթ:
Ամենազո´ր տեր, տիրակա´լ,
Աղաչում եմ քեզ ծնկաչոք,
Ծովից էլ ծով իմ մեղքերը
Ների´ր, որ ես ապրեմ նորից…

Թողնել մեկնաբանություն