Ամենազո´ր, ամենակա´լ, 

Ամենազո´ր, ամենակա´լ,
Դու՝ մաքրության անբիծ տիպար,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից
Տո´ւր ինձ բաժին,
Ո՜վ Տիրակալ․․․
Քո էության սերմը բարի,
Իմ հոգու մեջ դու սերմանի,
Տիեզերքի քո լույս տեսքով,
Քո առվակով ինձ ոռոգի ․․․
Դու ՝ տիեզերքի մեծ առվահան,
Ես՝ անբարո ու հոգեհան…
Դու՝ մաքրության ամբարում ես՝
Անսկիզբ ու անչափելի,
Ես՝ անբարո ու անցավոր
Մի մարդուկ եմ ողորմելի…
Դու՝ սկիզբն ես առանց վերջի,
Տարաշխարհիկ,
Ես՝ անսկիզբ, ողորմելի
Մի շրջմոլիկ ․․․
Ամենազո´ր, Ամենակա´լ,
Երկնքի´ ու երկրի´ դու Տիրակալ.
Այդ քո կամքով որդիդ ծնվեց
Եվ աշխարհի ցավով ապրեց,
Բուժեց մարդկանց քո մեծ կամքով,
Որ մահն անգամ դարձավ անզոր․․․
Այսօր ցավից կուչ ենք եկել
Ու մեղքերի ծովում կորել․․․
Ժամ չէ՞ արդյոք, ո՜վ Տիրակալ՝
Բժշկես մեզ այս ցավերից
Քո լույս Որդու մեծ զորությամբ․․․
Ծնվել ենք մարդ քո իսկ կամքով.
Թո´ւյլ տուր մնանք մենք մի քիչ մարդ…
Ո՜վ Տիրակալ ամենազոր․․․

Թողնել մեկնաբանություն