Ամենազո´ր դու տիրակալ, մաքրամաքո´ւր օվկիան կյանքի,

Ամենազո´ր դու տիրակալ, մաքրամաքո´ւր օվկիան կյանքի,
Զուլալ ու ջինջ քո բյուրեղից, աղաչում եմ, տո´ւր ինձ բաժին,
Սերմը  բարի քո էության իմ հոգու մեջ դու սերմանի´ր,
Քո կենարար տիեզերքի սուրբ առվակով ինձ ոռոգի´ր:
Կենսահյութս քեզնով լցրո´ւ, անմեղության բնույթ տո´ւր ինձ,
Քո մաքրությամբ ամբարի´ր իմ մեղկ կերտվածքը խեցեգործ,
Ինձ ազատի´ր այս զզվելի ադամական ցոփ մեղքերից,
Որ մեկ վայրկյան գեթ միանամ սրբությանդ ստեղծագործ:
Ես` քո ծառան հավատացյալ անպաշտամունք,
Լույս դրախտիդ հույսով ապրող մարդ մեղսավոր.
Դու ծնեցիր ինձ երկունքով ամպրոպաշունչ,
Որ դիմանամ քո շանթերին հազարավոր:
Դու օմեգա՝ անծայրածիր ու անվախճան,
Ներողամիտ ու բարեգութ սո´ւրբ արարիչ,
Աստվածային քո բնույթից ծնված որդուդ
Ուղարկեցիր,որ մարդանար, դառնար փրկիչ:
Դառն էր բաժին թասը որդուդ ու ահավոր,
Բայց նա կրեց խաչը մեղքի ողջ մարդկության,
Մատաղ եղավ, մեր մեղքերի համար բոլոր,
Ու ավետեց վեհ հրաշքը սուրբ հարության:
Տե´ր իմ, հանուն որդուդ թափած փրկիչ արյան,
Հեռու պահիր մեզ մեղքերից դժոխային,
Մենք թաղվել ենք մեղքի ծովում անօգնական
Ու մեկնել մեր անզոր ձեռքը հզոր խաչին:
Արարումիդ վեհ զորությամբ
Մարդ ենք ծնվել քո իսկ կամքով,
Գո´նե մի քիչ մեզ մարդ թողնես,
Լուսավորվենք քո սուրբ հոգով…

Թողնել մեկնաբանություն