Անծանոթուհիս, Մարի շիկահեր

Անծանոթուհիս, Մարի շիկահեր,
Եվ ո՞վ էիր դու, մի՞ֆ, թե՞ առեղծված,
Փնտրեցի երկար՝ տասնյակ տարիներ,
Քո Վարուժանի աչքը ջուր մնաց:
Տեսար, ընտրեցիր բյուր-բյուր մարդկանց մեջ
Ինձ՝ որպես հզոր, կենսատու մի այր,
Որ փոխանցեմ քեզ կրակն անշեջ,
Աստծու օրհնությամբ դառնայիր դու  մայր:
Անծանոթուհիս, քրմուհի բոցե,
Տեսի՞լք էիր դու, թե՞ վերին ընծա,
Ինձ բաժին հասած բախտն էիր գուցե,
Գալդ ու գնալդ որ չհասկացա:
Այդքան ջերմություն, կիրք ու սեր այդքան
Եվ որտեղի՞ց էին քո մեջ ամբարվել ,
Հրարձակում էին շուրթերդ անգամ,
Երբ փորձում էի ես քեզ համբուրել:
Ու երջանկաբեր երեք խենթ գիշեր
Դու շլացրիր քո հրայրքով ինձ,
Եվ ես, արբեցած անուշ  թմբիրից,
Չիմացա՝ ինչպես փախար իմ գրկից:
Դու անհետացար, հեռու գնացիր՝
Հոգեմաշ մի ցավ սրտումս թողած,
Գոնե երազիս գայիր ինձ այցի՝
Թխահեր մանչիս թաթիկից բռնած:
Ո՞նց չխենթանամ, ապրեմ ես անդարդ,
Տանջում է հեռվից ինձ խղճիս կանչը,
Ինձ նման մի հաղթ տղամարդ է արդ
Արյունս կրող իմ սևաչ մանչը:

Թողնել մեկնաբանություն