Արևը միշտ քե՛զ, հարազատների՛դ

Արևը միշտ քե՛զ, հարազատների՛դ,
Իսկ ամպերը թող ներքևից նայեն,
Անձրև դառնան ու հողին հասնեն,
Խոնավությունից քարերը կանաչ
Մամուռով պատվեն, դառնան անճանաչ…
Շուրջդ բազմերանգ ծաղիկներ բացվեն,
Մանկական ճիչ ու ծիծաղով լցվի,
Քո տանը երբեք արցունք չլինի,
Իսկ եթե հանկարծ արցունք էլ ծնվի,
Միայն մանկական լացերով լինի
Կամ ուրախության՝ երջանիկ պահի,
Մեկ – մեկ էլ թեկուզ՝ հացի պակասի…
Սեղան ու սփռոց նույնիսկ վախենան,
Անթիվ թոռներով երբ նստեք հացի:
Երջանկությունից այնքա՜ն լիանաս,
Ծիծաղը շուրթիդ հոգնած քուն մտնես
Ու երազներով տիեզերքին հասնես…
Մանկան ծիծաղից կրկին արթնանաս,
Աչքերիդ փայլուն հաղթանակ տեսնես,
Տունդ շենանա, դառնա  հանց ամրոց՝
Անհաղթ ու հզոր, դարեր շարունակ
Քո ծառը ծաղկի, պտղաբեր լինի …

Թողնել մեկնաբանություն