Արևը նույնպես տենչում էր տեսնել

Արևը նույնպես տենչում էր տեսնել
Իրեն իսկ ծածկող ամպերից ներքև,
Բայց շատ համառ է ծածկույթը թևավոր
Փակում էր նրան, աշխարհից զրկում:
Վազում էր այս կողմ ու նորից՝ այնտեղ,
Չէր գտնում թեկուզ մի փոքրիկ անկյուն,
Այս անիրավը համառ էր ու սև,
Փակել էր ճամփան՝ արևից ներքև:
Ու ժայթքեց այնժամ արևը հզոր,
(Այնքա՜ն ջերմություն տվեց ամպերին),
Որ նուրբ ու փափուկ ծածկույթը հալվեց,
Անձրև դարձավ ու ներքև թափվեց:
Պատռված շորով շողը ո՞նց ծածկեր,
Հայացքով բարի անցավ ամպերից,
Միացավ, սակայն, ամպերից ծնված
Սուրբ բյուրեղներին՝ արևից հալված:
Ծիածան դարձավ ջուրը լույսի մեջ,
Գույներով հազար երկինքը լցվեց,
Ինձ էլ այն գույնից մի կաթիլ հասավ,
Կանաչ էր, անգին, կյանք կար նրա մեջ…

Թողնել մեկնաբանություն