Արյունով, մսով ինքներս հյուսված

Արյունով, մսով ինքներս հյուսված
Սնվում ենք նաև նրանցից ագահ.
Գո՞ւցե անհագուրդ խնդիրը մարդու
Գալիս է հենց այս վարքից տմարդի:

Նայում ենք մեր շուրջ, ինչպես տիրակալ,
Քանի ուժ ունենք տիրելու համար,
Մեր մարդ կոչումին արժանի դիրքում
Չենք լինում, մինչև ուժից չենք ընկնում:

Ամեն նոր օրով նոր մեղք ենք գործում,
Մեր կյանքի գիրքը մեղքերով լցնում,
Հանց գազան միմյանց դավով հոշոտում,
Անցնում հավերժին՝ դատարկ ձեռքերով…

Ծածկում ենք մարմնի մերկությունը ջինջ`
Բնության առողջ օրենքով կերտված,
Բայց ամենուրեք մերկացնում, բացում
Ամոթի արժան բերան լպրշած:

Արժանավորը` միշտ խեղճ ու տկար,
Ինչպես աղոթքը խեղճ ճգնավորի,
Արցունքով գալիս, անցնում է, գնում,
Աշխարհին ընծա հետքերով բազում…

Երանի՜ ես էլ ծնվեի գազան,
Նրանց բնածին արդար բնազդով:
Մտքածին չլիներ արարքս դաժան,
Արդար պայքարում լիներ նվաճում:

Հոգնել եմ վաղուց այս նենգ կոչումից.
Անունով մարդ ենք, էությամբ՝ գազան…
Նույնիսկ սիրելիս զիջում ենք նրանց.
Մի՞թե տիրոջը մարդն է մոտ կանգնած…

Թողնել մեկնաբանություն