Աշխա´րհ, արի ես քեզ սիրեմ.

Աշխա´րհ, արի ես քեզ սիրեմ.
Այդպես է ինձ տերը ասել,
Փոխադարձեմ քո չարիքին,
Գո՞ւցե այնժամ դու խաղաղվես…

Աշխա´րհ, արի´, ինձ ապտակի´ր,
Մյուս կողմս ապտակված է,
Գո՞ւցե ցավից երկու կողմի
Ես մոռանամ՝ ցավը ինչ է…

Աչքս կտամ. երկուսն ունեմ,
Երկրորդը թող ինձ մնա,
Ուզում եմ քեզ տեսած անցնել,
Հետո այն էլ ես քեզ կտամ…

Բայց ես ունեմ միայն մի սիրտ.
Այն խնայիր սիրո´ւս համար…
Եթե, անգո´ւթ, նրան խոցես,
Ինչպե՞ս սիրեմ ես քեզ, աշխա´րհ…

Հոգիս հարուստ, բայց իմը չէ,
Այն տեր ունի, քե՛զ չի՜ մնա…
Գո՞ւցե նորից ուրիշ մեկով
Քեզ մոտ նա գա, անգո՜ւթ աշխարհ…

Թողնել մեկնաբանություն