Աշխարհի փոշին նստեց մազերիս

Աշխարհի փոշին նստեց մազերիս,
Անձրև՛, ու՞ր ես, ինչու՞ չես գալիս,
Արի՛ ընդառաջ, հոգուս խառնվիր,
Խնդրում եմ քեզ, ինձ մի՛ խնայիր…
Արցունքներ կտամ ես քո ցողերին,
Խառնիր նրանց քեզ, հոսենք միասին,
Անձրև՛, թափվի՛ր, թափուր է հոգիս,
Տանս լույս չունեմ, ծիածան բեր ինձ…
Անձրև՛, ինչո՞ւ ժլատ ես իմ դեմ,
Արի՛, փարվի՛ր ինձ, որ ես էլ սիրեմ,
Հրաշք գույներով երկինքս լցնեմ,
Այս լռության մեջ շանթերս ճայթեն …

Թողնել մեկնաբանություն