Դու իմ արևն ես, ինձ լույս տվողը

Դու իմ արևն ես, ինձ լույս տվողը,
Հա՛մ ջերմացնողն ես, հա՛մ էլ՝ այրողը,
Ես քեզ խնդրում եմ, մնա բարձունքում,
Իջնող հանգչողին հոգիս չի սիրում …

Ես էլ ներքևից հիանամ քեզնով
Ու բավարարվեմ քո մի ժպիտով,
Բայց դու, անիրա՜վ, լոկ կուրացնում ես,
Խաղում հոգուս հետ ու հանգիստ լքում …

Սարերից այն կողմ քո տունն է, արև՛,
Ո՞վ է սպասում քե՛զ… ո՞վ է քեզ սիրում,
Սիրտս ամեն օր խանդում է, գժվում,
Ափերից ելնում ու քե՛զ է տենչում …

Խնդրում եմ, արև՛, ինձ տա՜ր քո աշխարհ,
Ես էլ լիանամ ջերմությամբ անսպառ,
Քո սիրտը լի է, այն չի սպառվում,
Ես էլ մրսում եմ ցամաքած ծովում …

Թողնել մեկնաբանություն