Դու քնած էիր, և գիշեր էր խոր

Դու քնած էիր, և գիշեր էր խոր,
Ցայգի գալուստն իմ՝ այդ խորհրդավոր,
Երազիս թևով կարոտս անանց
Դեպի քեզ մղեց ինձ ինքնամոռաց:
Համակ մութ էր, լուռ, և ձյուն՝ անպարփակ,
Ձյունը ճերմակ չէր, և թվում էր՝ տաք,
Մրսող աշխարհին ծածկող մի վերմակ,
Գորշ ձյունը տաք էր, իսկ մատներս՝պաղ:
Լուսինն էր վերից հետևում խաղաղ…
Դու քնած էիր այնպե՜ս անվրդով
Եվ չէիր կարող բնավ իմանալ,
Որ ներս եմ մտել քո տուն գողեգող՝
Սրտիս մեջ առած թաքուն ահ ու դող:
Մեղմ փարվեցի քեզ կարոտով անհագ,
Նուրբ համբուրեցի քո աչքերը փակ,
Պապակ շուրթերով քամեցի քո տաք
Կրակե շուրթից ինձ մի կում նեկտար՝
Որպես օշարակ՝ կյանքս քաղցրացնող,
Մնացյալ մի բուռ օրերիս համար:
Ների՛ր արարքս, ների՜ր, Տե՛ր Աստված,
Անհեթեթ այցիս համար սիրառատ,
Լավ է, որ գոնե դու էիր քնած,
Եվ մեղանչումս մնաց քեզ անհայտ:

Թողնել մեկնաբանություն