Դու թուլանալու իրավունք չունես… 

Դու թուլանալու իրավունք չունես…
Մի՞թե հիասթափությունը հարիր է քեզ.
Ծնկի չգաս, հոգի՛ս, գիտեմ՝ հզոր ես,
Ոչ ոք չի կարող քո լույսը հանգցնել…

Թե վերադառնաս քո ակունքներին,
Քեզ դեմ են գալու ժպիտներ անհաս.
Գո՞ւցե խոնհարվես դու այն ժամանակ
Քեզ ծնունդ տված մե՜ծ լույսի դիմաց…

Աշխարհի՛ն հանձնիր հոգուդ մեղեդին՝
Նրանից սնվեն անթիվ ճրագներ.
Գիտե՛մ՝ դու նրանց քո լույսից կտաս,
Ու չի պակասի լույսն աշխարհում…

Դու ընտրյալ ես, պարզապես՝ ի վերուստ…
Ո՜չ մի աշխարհիկ ցավից չընկճվես.
Ես պահանջում եմ քեզանից հոգիս՝
Մնա՜ս լույսի մեջ, երբե՜ք չհանգչես…

Աշխարհիկ ճամփից ոչինչ չտանես՝
Բացի հոգեցունց քո մերկ, վառ սիրուց.
Թող այստեղ մնա, այն ինչ փոշի էր
Դու՝ լույսով լցված, հասի՛ր քո Տիրոջը…

Թողնել մեկնաբանություն