Ե՛կ, այս աշխարհից գնանք ,վերանանք

Ե՛կ, այս աշխարհից գնանք ,վերանանք,
Տրվենք գեթ մի պահ խենթ երազներին,
Մի պահ մեզ զգանք առաջվա նման՝
Անհոգ ,անտեղյակ կյանքի հոգսերին …
Թե հողը սնես սերմով ու սիրով ,
Նա քեզ անխռով կկերակրի,
Մնում է՝ դառնանք մենք էլ անխռով ,
Սիրով լիացած՝ ժպտանք աշխարհին …
Ուզում եմ այսօր բարիք արարել ,
Հողից դարավոր լոկ դասեր քաղել ,
Ուզում եմ անգամ սիրել թշնամուս,
Հեզ հողի նման լուռ ու մունջ տրվել …
Ամպերի նման այցելել սարին,
Անձրև կրել ծովից ցամաքին,
Արևից խոնարհ լույսի փունջ քաղել ,
Խառնել առօրյա իմ ծանր հոգսին …
Թո՛ղ ծովն անաղարտ նորից ծիծաղի,
Աշխարհը ցնծա զնգուն ծիծաղով ,
Ամպերի մաքուր, սպիտակ քողով
Մարդկային անշուք բա՛ցը ծածկվի …

Թողնել մեկնաբանություն