Եկար ու անցար մեղմ հովի նման

Եկար ու անցար մեղմ հովի նման՝
Լուծվելով քո շուրջ ամեն, ամենին,
Բայց ինձ, Աստղաշո՛ղ, ինչո՞ւ մոռացար,
Մի՞թե արժանի չեմ ես քո կարոտին…
Վարսերդ օդում քեզ թև են դարձել,
Աստղերի շող են՝ երկնքից իջած,
Այնքա՜ն են հպարտ, այնքա՜ն գեղեցիկ,
Նրբին են դարձել հավերժից եկած…
Բույրով վեհագույն քո շուրջը լցրել,
Ճախրում ես, թևում, օդայի՜ն էակ,
Ես էլ՝ երկրային ճամփիս հողմածածկ՝
Բաժանման շոգից փոշու վերածված…
Ինձ էլ այցելիր, նաև ինձ ժպտա,
Աչքերիդ լույսը ինձ էլ պարգևիր,
Անցողիկ եմ ես, լուծորդիր ինձ քեզ,
Գոնե մեկ անգամ ճախրանք վայելեմ…
Աստված է տվել սերս երկնային,
Թևեր չի տվել, ինչպե՞ս ճախրեմ վեր,
Ուզում եմ այցելել ես էլ աստղերին,
Նրանց կրակից իմ սիրուն խառնել…
Աստղաշո՛ղ, ինչո՞ւ դու ինձ մոռացար…

Թողնել մեկնաբանություն