Երազանք ունեմ՝ ես շատ ցանկալի …

Երազանք ունեմ՝ ես շատ ցանկալի …
Քե՛զ ունենալ , իմ կարո՜տ հեռավոր,
Հնչյուններ դարձիր, թռի ու արի,
Կամ էլ ես կգամ ամպրոպի տեսքով…

Մեր ցանկությունից թող կամուրջ ծնվի,
Թռչունները մեզ թևեր նվիրեն,
Պատռվի մութը՝ մեր մեջ ստեղծված,
Հասնենք մենք իրար ցանկության տեսքով…

Իմ երազանքի կատարման հույսով
Դարձել եմ այսօր անհաս երջանիկ,
Մեկ ամպ եմ դառնում, մեկ էլ՝ պարզ երկինք՝
Քե՛զ սպասելով արևի տեսքով…

Կարոտ եմ լույսիդ, հնչյունիդ, հևքիդ,
Միայն թե արի՛, ինչ տեսքով կուզես,
Արի՛ թեկուզ մութ ամպերի տեսքով,
Ինձ համար դարձիր փոթորիկ կրող:

Իմ էությունով լոկ քո՛նը լինեմ,
Լուծվեմ քո մեջ ես, քեզ էլ ինձ լուծեմ,
Դառնանք մեկ մարմին՝ մեր երկու հոգով,
Որ մեր սարերը լցվեն ծաղկունքով…

Թողնել մեկնաբանություն