Երբ ես չլինեմ, ինձ այցի կգաս

Երբ ես չլինեմ, ինձ այցի կգաս՝
Կապույտ վարդերի մի փունջ քո ձեռքին,
Հուշիկ քայլերով շիրիմիս կգաս
Ու վայր կդնես վարդերը մեղմիկ:
Դու լուռ կկանգնես՝ գլուխդ խոնարհ,
Ու պաղ հայացքով կնայես քարիս,
Կփորձես հիշել անցածը մեր այն
Ու լուռ կխորհես եղած-չեղածից:
Ծանր կլինի վերհիշելը քո,
Չէ՞ որ վաղուց է ամենն եղել այդ,
Ու ինչպես այնժամ, հիմա էլ քեզ մոտ
Ամեն ինչ կլինի՝ չլուծված, անհայտ …
Մի մեծ խնդիր էր եղել քո կյանքը,
Որի լուծումը այդպես էլ չգտար,
Անպատասխան էին բոլոր հարցերդ,
Անհայտով լուծում, ու հուշում չկար …
Ծանր հուշերով կնայես քարիս,
Քո պատասխանը այնտեղ էլ չկա,
Ու խուլ տնքոցով կնայես երկնքին,
Օ՜, Տեր իմ Աստված … կմնաս ապշած …
Լազուր կապույտ էր երկինքը համայն՝
Ճիշտ և ճիշտ ձեռքիդ վարդերի նման,
Ու դու կտեսնես այդ կապույտի մեջ
Քո ողջ հարցերին հստակ պատասխան …
Հոգիդ փուլ կգա, ծունկդ կծալվի,
Քո նուրբ մատները կշոյեն քարս …
Այնժամ դու արդեն հաստատ կիմանաս,
Թե ինչու՞ էին կապույտ վարդերը …
……..
Երբ ես մահանամ, ինձ այցի արի՝
Կապույտ վարդերի մեծ փունջը ձեռքիդ …
Այդժամ ես հանգիստ կննջեմ հողում,
Որ թեկուզ շատ ուշ, բայց հասկացար ինձ …

Թողնել մեկնաբանություն