Երբ ես զարթնեցի քնից մեղավոր

Երբ ես զարթնեցի քնից մեղավոր,
Մի թուղթ կար միայն ու գիր սպասող,
Ու բույրը քո վեհ՝ ամենուր լցված,
Իսկ գիրը խոսում էր ինձ ծանոթ ձայնով.
«Քնա՞ծ ես արդեն:
Դա լավ է, գիտե՞ս:
(Իսկ ես՝ հիմա՜րս, կարծում էի, թե
Դու էլ ինձ նման չղջիկ ես դարձել ):
Չես լսի հիմա այն, ինչ ասում եմ,
Իսկ երբ այն լսես, գուցե չլինե՜մ…
Չէ՜, չմտածես՝ մի պահ իմ մտքով
Կարող է անցնել կյանքիս վերջ դնել:
Ես դա չեմ անի, նույնիսկ՝ հանուն քեզ…
Լա´վ , չձանձրացնեմ իմ նվնվոցով:
(Բայց խոստովանիր, երբեք չի եղել):
Ուզում էի լո´կ քեզ մի բան ասել ,
Այն, ինչ ասացի, ինչ որ լսեցիր,
Մոռացիր ամենը և հաշվի չառնես:
Չկա ոչ մի բան ու հետևություն…
Պոռթկում էր միայն, փոքրիկ մի հուզմունք,
Որը կանայք են միայն լավ խաղում,
Իսկ տղամարդիկ այն չեն հասկանում…»:

Թողնել մեկնաբանություն