Եթե դու չես խոսում ինձ հետ

Եթե դու չես խոսում ինձ հետ,
Ես կլցնեմ համառ սիրտս քո լռությամբ,
Համբերատար ես կսպասեմ քո պոռթկումին
Ու կսփոփեմ հոգիս երազներիս ներկայությամբ:
Ինչպես գիշերն իր աստղային զգոնությամբ,
Խորին սիրո, հպարտության խոնարհումով ,
Աստվածային լռությունով
Սպասում է իր կաթնալույս առավոտին :
Անխուսափ է վերադարձը առավոտի,
Ու խավարը կչքանա՝ ետ չնայած,
Քո հոգեթով ձայնը կլցնի երկինքն իմ
Ու կկոտրի համեստության փականը չար:
Կմխրճվի երկնքիս մեջ, որպես մի սեպ,
Որպես երկսայր մի սուր ,
Որպես ոսկե կանոն ,
Մաքուր սիրո երդում որպես,
Որպես անհաս փառքի աղոթք,
Որպես սաղմոս ու երգ:
Ու սիրով կախարդված ՝
Յուրաքանչյուրն իմ թռիչքի տուն կհասնի,
Կծաղկի ծաղկի պես ,
Հոգուս անտառային հովիտներում,
Ու երևի մի օր ես կգժվեմ,
Երբ քեզանով լցվի գիրկս ,
Ու ափերս քրտնեն քո շոյանքներից ,
Երբ մատներդ հոսեն իմ վրայով ,
Ու երբ սիրտս դողա այդ հրայրքից,
Կխենթանամ, հարկավ ,
Կախարդական անուրջներում քեզ գտնելուս ,
Քե´զ գտնելուս հրճվանքից:

Թողնել մեկնաբանություն