Լռությամբ երբե՛ք չես դավաճանի.

Լռությամբ երբե՛ք չես դավաճանի.
Անզուսպ խոսքն է հաճախ ավերում,
Ծնվում անբարո լեզվի խաղերից,
Բարբարոսի պես քանդում է, փախչում:

Եթե աղոթել, առավո´տ լուսո,
Կյանքի սրբազան սկզբում միայն:
Ինչո՞ւ աղոթել մութ երեկոյան,
Երբ հաջորդ քայլում քնած ենք անդարդ…

Նայում եմ ծագող լույսին անարատ,
Նայում եմ շուրջս, ես էլ մանկանում,
Աստվա´ծ իմ, ինչո՞ւ, այս ե՞րբ չարացա
Քո արարումի ճշմարիտ ծովում:

Բայց աստվածային զարթոնքը լույսի
Շոյում է հոգիս, լվանում, մաքրում:
Վեհ արարումը բուժում անսխալ,
Հասնում բնության ամեն մի անկյան…

Մարդն էլ է ծնվում այնքա՜ն անարատ,
Որ աշխարհ գալով՝ նոր լույս է բերում,
Կարծես խորհուրդ է ամեն մարդու մեջ՝
Ծնվող արևի լույսի պես մաքուր…

Բայց, ավա՜ղ, կյանքի փշոտ ճամփեքին,
Մենք կորցնում ենք ունեցած բարին.
Փոխարենը մի՛շտ լցվում ենք չարով,
Այն էլ հասկանում անցնելու պահին…
Օղակներից դուրս ապրելն է անհնար,

Օղակների մեջ մնալն է ձանձրալի,

Ունենալ մի կյանք չունենալու պես,

Չունևորի պես չվելն է ցավալի…

Անցնելով այսպես օղակից-օղակ՝

Մենք շտապում ենք մի նոր հանդիպման,

Անհամբեր դառնում

Մի օղակաչափ պահի կանգառում,

Չենք տեղավորվում…

Ամեն մի կանգառ՝ մի կառափնարան,

Մեր վերջին խոսքի հարթակն է թվում…

Ինչո՞ւ է այդպես, ես դեռ չգիտեմ,

Որ մեր ներկայից՝ պատժված թվում,

Ինքներս մեզնից չվել ենք ուզում…

Մեր վաղվա օրվան հասնելու համար

Ինչո՞ւ ենք, սակայն, շղթայի վերջում,

Երբ ազատության ճամփան է բացվում,

Շղթայված նախկին կյանքին կարոտում,

Մեր ապրած կյանքը վերապրել ուզում,

Շղթան օրերի անհետք սպառում,

Ու հայտնվում ենք անցյալ շղթայում…

Մենք մեզ չենք գտնում այդ օղակներում:

Մեր կարոտների ուրվականներն են

Ստվերների պես անիմաստ շրջում

Մեր երազներում…

Խոսելու ձիրքով աշխարհի ձայնին,

Օրերիս ճիչով նոր ձայն թողեցիր,

Անօգուտ աղմուկ պահեստին անտակ,

Հեղեղի հունով ծովին հանձնեցիր…

Անտեսանելի տեսության կնիք,

Անշոշափելի զարդ իմ անցյալի,

Աննահանջ չափից օրեր հյուսեցիր,

Շարանիդ շղթան «կյանք» անվանեցիր,

Որ ժամանակը չափավորելով՝ օրեր հյուսեցիր,

Երկու մաս արիր,

Եվ այդ մասերը աննյութ ներկեցիր,

Տարբերակեցիր լույսով ու մութով…

Ամեն մի օրը՝ կյանքի մի օղակ,

Իսկ կյանքը շղթա…

Շղթայից շղթա անցնում ենք քնած՝

Անհուշ մնացած անգետ ժամանակ:

Ու չենք նկատում մեր հեռանալը

Կյանքեր սնուցող մայր կիզակետից…

Եվ ժամանակն իր ազատ անկումից,

Իր զրոյական կետից ամեն օր

Հյուսում է շարժում անշարժ պահերից

Չափման միավոր օրերի շղթան:

Ամեն մի օղակ՝ կյանքի մի փականք՝

Ե´վ միատեսակ, և´ բազմատեսակ…

Այդ օղակներում մենք կանք, թե չկանք,

Երկու կերպարանք օղակները կան,

Մեկը՝ փրկօղակ կյանքի գոյարան,

Մյուսը՝ մահվան մութ կառափնարան…

Ու մոռանում ենք

Վերածնվելու գաղտնիքը վերին…

Մենք մեզ չենք հիշում.

Մնում ենք կրկին

Մեր կյանքը հաշվարկող շղթայի գերին…

Թողնել մեկնաբանություն