Մի՞թե տանդ դուռը բաց է,

Մի՞թե տանդ դուռը բաց է,
Փոթորիկի, ձմռան դիմաց,
Չէ՞ որ ես շա՜տ խիստ ձմեռ եմ՝
Տարիներից ցուրտ շալակած…

Քո արևը` ցրտեր հաղթող,
Վախենում եմ՝ իմ մեջ հանգի,
Ես բնության անխիղճ դավն եմ,
Օդից, ձյունից հյուսված մրրիկ…

Ահա եկա, դուռդ բացեմ
Իմ ջանքերի հույսին միայն,
Բայց Տե՜ր Աստված, արդեն բաց է…
Սպասում ես ինձ գրկաբաց…

Ու մեղավոր, արդեն շեմից
Ես հալվում եմ, դառնում ժպիտ,
Սառցակալած, անտակ հոգիս
Վերածվում է սիրո ծովի…

Թողնել մեկնաբանություն