Մի՞թե խենթ եմ ես, որ սիրով լցված

Մի՞թե խենթ եմ ես, որ սիրով լցված՝
Ամենուր սեր եմ միմիայն փնտրում,
Աչքերս ուրիշ ոչի՜նչ  չեն տեսնում,
Աստվա՞ծ է իմ մեջ սերը որոնում …
Աշխա´րհ, դու աշխա´րհ, քնից արթնացիր,
Թե չունես դու սեր, իմ հոգուց սնվիր …
Անսպառ սեր կա իմ հոգու խորքում
Ու աչքերիս մեջ՝ քնած թե արթուն,
Լինի բնություն, թե լքված մի տուն,
Չի սպառվում այն, նորեն է լցվում …
Հա՛, այսպիսին եմ, ինչո՞ւ , չգիտեմ,
Ակունքս՝ վերուստ, ես էլ՝ հողեղեն,
Գնում եմ այսպես, որոնում «անսեր»,
Որ սիրո ծովից աշխարհին սնեմ …

Թողնել մեկնաբանություն