Նվիրիր ինձ օրդ այսօր

Նվիրիր ինձ օրդ այսօր,
Գեթ մե՜կ անգամ ինձ հետ մնա,
Խոսի՛ր ինձ հետ, մի բան ասա,
Գոնե մի բան, կիսատ մի բառ,
Թեկուզ մերժիր, բայց ձայն հանիր
Ու մի՛ լռիր, մի՛ խոժոռվիր: Ասա՛ մի բան,
Թեկուզ լինի եղանակից…
Թե ի՞նչ տվեց գարունը քեզ,
Կամ՝ ամառը, աշունը հեզ:
Ասում են, թե աշնանն է
Մեկը դառնում երկու, երե՜ք…
Իսկ ճտե՞րը, դու հաշվե՞լ ես …
Չէ՜… դու խոսի՛ր, չի՛ լինի այսպես,
Բա՛վ է լռես, սուր հայացքով
Դու ինձ սաստես,
Գիտե՞ս ինչքան թանկ է պահը,
Այն վայրկյանը, որ քեզ մոտ եմ,
Ա՜խ, չգիտես՝մեկ էլ, մեկ էլ
Ե՞րբ եմ զգալու ես քո հա՜մը …
Չէ՜…Սիրելիս, ասա՛ մի բան,
Թեկուզ պատժի՛ր, ինձ ցավեցրու՛, բայց մի՛ լռիր…
Գիտեմ, շատ եմ քեզ չարչարել ,
Քո մարմինը ամեն տնտղել ,
Հոգիդ պեղել, սիրտդ քամել…
Բայց դու գիտես, որ սիրել եմ,
Այդ կերպ ես ինձ քեզ տվել եմ,
Քոնն եմ եղել, քեզ հանձնվել…
Ախր գիտե՜ս, շա՜տ լավ գիտես,
Բայց և այնպես դու լռում ես,
Սուր դանակով ինձ խոցում ես,
Ինչի՞ համար, ո՞ր մի մեղքիս,
Որ սիրե՞լ եմ… Ասա՛, լսե´մ…

Թողնել մեկնաբանություն