Պարկապզուկ լինեմ կրծքիդ

Պարկապզուկ լինեմ կրծքիդ,
Սեղմես ամուր ինձ քո լանջին,
Երբ շուրթերդ իմից զատես,
Նայեմ դեմքիդ, երգեմ այնպես,
Որ չթողնես ես սպառվեմ:
Նորից գրկես, կրծքիդ սեղմես,
Ինձ քո սրտից նոր շունչ բերես,
Նուրբ մատներիդ անուշ խաղում
Էությունս նվիրեմ քեզ…
Օրորվելով՝ հավքերը հեզ
Շուրջպար կազմեն երկինքն ի վեր
Ու սիրատենչ մեր սրտերին
Սիրո անձրև երկնից թափեն,
Հավերժական ծիածանով մեզ շղթայեն…
Ես՝ երջանիկ քո գրկի մեջ,
Նայեմ դեմքիդ, աչքերիդ հեզ,
Ծով աչքերիդ խորքը սուզվեմ,
Անէանամ, մնամ այնտեղ…

Թողնել մեկնաբանություն