ՊՈԵՏԻ ՈԳԻ

Քեզ եմ հարցնում.
-Դու ո՞վ ես , ասա´,
Մա՞րդ ես, թե՞ Աստված,
Որ մելան – գրչով
Նոր շունչ ես տալիս
Մոր որովայնում
Դեռ չհղացած
Անգոյ հրաշքին,
Որ տիեզերքից
Աստղերն իջեցնում,
Հանձնում ես ծովի
Խենթ ալիքներին,
Հետո խորքերից
Վեր հառնում նորից,
Լուսնին ես ձուլում,
Երկնքում փռում,
Խավար լուսացնում…
-Ո՞վ ես դու, ասա´,
Որ քո լուսավոր
Հոգու զորությամբ
Սեր ես սփռում քամու թևերով
Ու քո մարգարտյա
«Տողեր»  շղթայով
Աշխարհին գամում
Սիրո տենչանքով…
-Ո՞վ ես դու, ասա´,
Մա՞րդ ես, թե՞ Աստված,
Որ հպարտներին ծնկի ես բերում,
Իսկ ընկածներին՝ վերև բարձրացնում,
Մեղավոր- անմեղ՝ նժարի դնում,
Ազնիվ ու արդար օրենք ես գրում…
-Պոետի´ ոգի,
Ո՞վ ես դու, ասա´,-
Քեզ եմ հարցնում ես,
Որ քո էությամբ
Ինձ բաժանում ես,
Դարձնում երկու կես,
Շա՜տ հաճախ նույնիսկ
Ելնելով քո դեմ՝
Ինքդ քեզ դատում
Ու դատապարտում,
Քո դռնից փախչում,
Քո տունը լքում,
Այլոց աշխարհով
Տխրում ու լացում,
Երբ ուրախություն
Քո ճամփին տեսնում,
Ժպտում ես անկեղծ,
Ողջունում, անցնում․․․
Ես դիմում եմ քեզ,
Իմ երկրո´րդ ես.
-Ո՞վ ես դու, ասա՛
Մեկ մարմնի մեջ
Ե՞ս եմ քո ծառան,
Թե՞ դու ես իմը,
Որ մենք՝ երկու ես,
Ես՝ դու, իսկ դու՝ ես,
Ապրում ենք այսպես՝
Դու՝ հավերժ կյանքով,
Իսկ ես՝ անցողիկ․․․
-Ո՞վ ես դու, ասա՛․․․

Թողնել մեկնաբանություն