Փոփոխություն կա՞ քո մեջ

Փոփոխություն կա՞ քո մեջ,
Թե՞ միայն ինձ է թվում,
Մտածում եմ… միգուցե
Դու էլ ի՞նձ ես թե սիրում…
Դու ասում ես՝ «հարգում եմ»,
Մի՞թե հիմք չէ դա սիրո,
Ա՜խ, ուզում եմ սիրես ինձ,
Անսի՛րտ, ինչո՞ւ չես լսում…
Ես փոքր եմ, պարզամիտ,
Իմ ճերմակին մի՛ նայիր,
Հասակ ունեմ՝ բարձր է,
Հոգիս նույնն է՝ մանկամիտ …
Մի՞թե փոքր–ինչ չես զիջի,
Ուզում ես, որ աղաչե՞մ,
Ծնկի՞ իջնեմ քո առաջ,
Հասակիս դեմ մեղանչե՞մ…
Ու մրմնջամ՝ «սիրում եմ»՝
Գլուխս գիրկդ դրած,
Իսկ եթե ինձ մոտ թողնես,
Համբույր կտամ խենթացած…
Քո շանթածին աչքերից
Սերս այնքա՜ն է լցվել,
Որ էլ իմ մեջ տեղ չկա,
Բաժանում եմ սարերին …
Զուլալ աղբյուր է ծնվում,
Զովացնում է շատ սրտեր,
Իսկ քո սիրտը քարից է,
Ասա՛, ինչպե՞ս ես ծակեմ…
Դու ծովն ես իմ տիեզերքի,
Որից սնունդ եմ առնում,
Ինձ մի՛ զրկիր պաղ ջրից ,
Որից մարդիկ են խմում…
Կապուտա՜կ իմ ավազան,
Գիտեմ, խորն ես ու անտակ,
Բայց ես սուզվել եմ ուզում,
Թեկուզ կորչեմ հավիտյան …

Թողնել մեկնաբանություն