Քեզ ի՞նչ է եղել, ալեկոծ իմ ծով

Քեզ ի՞նչ է եղել, ալեկոծ իմ ծով,
Ի՞նչ ես դու հիշել, ի՞նչ ես մտորում,
Քո մեջ տալիս ես, քո մեջ էլ՝ առնում,
Քեզ-քեզ՝ փոթորկվո՜ւմ, քեզ-քեզ՝ խաղաղվում:

Ի՞նչ ես դու հիշում, կամ ո՞ւմ մոռացված,
Որ պահում ես քո խո՜ր ընդերքներում,
Ի՞նչ է նա արել, ի՞նչ ցավ է տվել,
Որ մինչև հիմա դեռ չես հանդարտվում:

Այդ ի՞նչ է եղել ձեր միջև, ասա՛,
Որ չես ներում քեզ և ոչ էլ՝ նրան,
Փոթորկվում ես դու, նավեր խորտակում,
Աղաչանքներին չես արձագանքում:

Դաժան ես դու, ծո՛վ, չափերիդ նման,
Նախ կլանում ես, իսկ հետո՝ դավում,
Քո խորության մեջ բազում սերեր կան,
Բայց դու տենչում ես իմ մաքուր սիրուն:

Ուզում ես այն էլ քեզանով անել,
Տանել հասցնել քո մութ ընդերքին,
Ծո՛վ իմ խոժոռված, ես կգա՛մ քեզ մոտ,
Եթե դու միայն ինձնով լիանաս:

Կա՛նգ առ վերջապես, խաղաղվի՛ր մի քիչ ,
Մի՛ կործանիր դու անմեղ սրտերին,
Ինչքան էլ տանես, մե՛կ է, հասկացի´ր,
Չե՛ն ամոքվելու վերքերը քո հին:

Թողնել մեկնաբանություն