Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ

Քո պատգամներով ինչպե՞ս սփոփվեմ,
Աղոթանվեր շուրթերով միայն
Մեղքերիս ծովը ո՞նց ցամաքեցնեմ
Ինչպես աղոթեմ, որ մեղքս ներվի,
Որ ձայնս քեզ մոտ լինի լսելի…
Ջանում եմ ՀԱՅՐ ՄԵՐ, ջանում եմ անվերջ,
Որ շահեմ մի քիչ, կամքդ երկրասեր…
Սակայն չեմ տեսնում լույսդ ուղեցույց,
Որ ինձ անսխալ ճանապարհ հանի:
Մտատանջ հոգով, տեսքով այլայլված
Արժանահատույց վերջիս սարսափից,
Աղերսում եմ քեզ` ներիր ինձ իմ ՏԵՐ,
Աղոթքը լեզվիս սրտիս փոխանցիր:
Ճանապարհն է զույգ, իսկ ես մի ճամփորդ,
Ինչպես կարող եմ զույգ ճամփով գնալ..
Տե՛ր, համատեղիր սիրտս հոգուս հետ-
Մի մարդը երկու ճամփորդ չի լինի..
Էլ ինչպես ընտրեմ ճշմարիտ ուղի.
Մեկը մարդացեղ լլկող զարտուղի,
Մյուսը ընտրյալ պատշաճ մարդուղի:
Օգնի՛ր ինձ, իմ տեր, օգնի՛ր անբանիս,
Որ հերկս լինի առանց խոտանի…

Թողնել մեկնաբանություն