Ծով աչքերս անվերջ Քո աչքերն են փնտրել

Ծով աչքերս անվերջ
Քո աչքերն են փնտրել
Ու ուշացած գտել ,
Իրար հետ ձուլվել ,
Հոգուս ծովն են սուզվել…
Իրար համար են, ասես, ստեղծվել ,
Նայելով անգամ անձայն զրուցել ,
Լաց ու ծիծաղ են իրար հետ կիսել ,
Ու հեռվից հեռու միմյանց հասկացել…
Նայի՛ր աչքերիս, շուրթերի՛ս նայիր,
Ճակատի՛ս նայիր, գի՛րը դու կարդա,
Խոսքերը լռեն, դու անխո՛ս կարդա,
Աչքերով շոյիր, հետո համբուրիր,
Երկու ծովերը միացրու միմյանց,
Ջրով լցրու աշխարհը անանց…
Կուրծքս թող հասնի կրծքիդ լուսաշող,
Ձեռքերս լուծվեն ձեռքերիդ շոյող,
Դառնամ պտտահողմ կամ էլ՝ մեղմ քամի,
Շուրջդ պտտվեմ տենչով վայելքի…
Մազերս  մեկ-մեկ վարսերիդ հյուսվեն,
Մասնիկներս  իրենց մասերին գտնեն,
Իրար գրկելով՝ շուրջպարի ելնեն,
Այդպես խենթացած՝ երկինք սավառնեն…
Հասնեն ետ՝ եդեմ,հզոր Արարչին,
Խոնարհվեն օրհնյալ Տիրոջ փեշերին,
Նայի նա մեզ լուռ, սխալն հասկանա,
Մանկան պես լացի ու թող իմանա,
Որ մեծ սխալ է ինքը թույլ տվել՝
Մեզ ի սկզբանե միմյանց չի տվել ,
Ու աստվածային հզոր էությամբ
Գուցե թե փորձի իր սխալն ուղղել…

Թողնել մեկնաբանություն