Ծովն է արարում, նայեցե՜ք, մարդի՛կ

Ծովն է արարում, նայեցե՜ք, մարդի՛կ,
Հոգին ու շունչը տալիս է նա մեզ,
Կորստի ցավից ափերից ելել,
Նորից ետ կանչում, բայց ու՜շ է արդեն:
Արդեն խաղաղվել, նայում է թախծոտ,
Իր իսկ կորստով հիանում հեռվից,
Մեղմիկ խշշոցով համոզում նրան,
Իր ոգուն միակ, ետ կանչում նորից:
Ծամերի շողքով լու՜յս է նա սփռում,
Փարոս է հզոր իր լույս աչքերը,
Քանի՜ նավեր են այս զույգ ծովերում
Աչքերի շողքով փրկվել նորեն:
Բարիք ես տալու՝լողալով վերև,
Ջրին հակառակ՝ դժվարի՜ն վերելք,
Հոգիդ լցվել է երկունքի ցավով,
Գնում ես այլ կողմ՝ բարիք արարես:
Խռով է հիմա փերին ծովերի,
Հայացքով վսեմ նայում իր չափին,
Գիտե՜ արժեքը իրական վեհի,
Անհունին կապույտ ձգտո՜ւմ է բարի:
Ազգիդ վեհագույն արժեքն ես, փերի՜,
Ո՞վ է անտարբեր այսքան լիության,
Խենթացնո՜ղ հրաշք՝ բարի արժեքի,
Մնա՛ լուսավոր ճամփիդ լուսափայլ:

Թողնել մեկնաբանություն